ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտը

ԵՏՀ նիստ
Առաջին հաստատված նախագիծը վերաբերում է ռուսական «Տիտան Պոլիմեր» ձեռնարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հաստատել է կոոպերացիոն նախագծի ֆինանսավորման առաջին հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմբանկը»։ Այդ մասին նշվել է արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ, որը նախագահել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմը պատրաստ է գործարկման, և արդեն ստացվել է առաջին հայտը:
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ բյուջեի հաշվին արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության նոր մեխանիզմին մասնակցելու բիզնեսի առաջին հայտը:
«Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի ներկայացրած հայտը վերաբերում է ռուսական «Տիտան Պոլիմեր» ՍՊԸ–ի նախագծին:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կոոպերացիոն մասնակցություն տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումների մասով:
«Նախագիծը թույլ կտա միության երկրների միջև համագործակցություն հաստատել տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման հարցում՝ էլեկտրատեխնիկական, կաթսայատան և հակահրդեհային։ Դրա իրականացման արդյունքում կստեղծվի քիմիական արդյունաբերության ներմուծման փոխարինման ժամանակակից համալիր»,– նշել է Բարսեղյանը։
Հիշեցնենք` ՌԴվարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա 5 տարիներին ԵԱՏՄ-ն 1,8 մլրդ ռուբլի (ընթացիկ փոխարժեքով մոտ 19,8 մլն դոլար) կհատկացնի արդյունաբերական կոոպերացիային աջակցելու համար:Առաջին 5 տարիներին ծրագիրն իրականացվելու է թեստային ռեժիմով: Ֆինանսավորումը կավելանա, եթե արդյունքները հուսադրող լինեն: