ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Եվրամիությունը բանակցություններ է վարում Կիևի և Բաքվի հետ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազ մատակարարելու շուրջ, գրում է Bloomberg-ը:
Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին՝ առաջարկելով Ուկրաինայի տարածքով Եվրոպա բնական գազ մատակարարել տարեվերջին Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Բանակցությունները շարունակվում են Ուկրաինայի և ԵՄ իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հետ, և բոլոր կողմերը, նրա խոսքով, շահագրգռված են շարունակել մատակարարումները: Ինչպես նշում է պարբերականը, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է «զգույշ» լինել՝ հերքելով ռուսական գազի վերաարտահանման մեղադրանքները:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իր երկիրը բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել տարանցիկ երկրի իր դերը և օգնել ապահովել իր արևմտյան հարևանների էներգետիկ անվտանգությունը: Ռուսական գազը ադրբեջանական մատակարարումներով փոխարինելու գործարքը «առաջարկներից մեկն է», որն այժմ քննարկվում է, ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում
ԵՄ-ն փորձել է հրաժարվել ռուսական գազից Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն եվրոպական որոշ պետություններ շարունակում են այն ստանալ Ուկրաինան հատող խողովակաշարով:
Տարանցիկ համաձայնագրերն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024-ի վերջին, սակայն կան ենթադրություններ, որ մատակարարումները կդադարեն ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Բրյուսելն ու Բաքուն հուշագիր են ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները տարեկան մինչև 20 մլրդ խմ հասցնելու մասին։