Եղվարդի մոտ ինքնաթիռը կործանվել է կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում. ՔԿ

Եղվարդի մոտակայքում կործանված ինքնաթիռը
ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եղվարդ քաղաքի մոտակայքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» ինքնաթիռը վթարի է ենթարկվել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2–րդ թռիչքի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաթիռը կործանվել է հուլիսի 19–ին` ժամը 09։30-ին, կործանման հետևանքով 2 մարդ է մահացել` ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը։
«Այդ օրը նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլոր նշված թռիչքներն իրականացվել են հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ 26–ամյա Արմեն Իսախանյանի մասնակցությամբ, իսկ արդեն վթարը տեղի է ունեցել կուրսանտ 20–ամյա Արմեն Խաչատրյանի հետ 2–րդ թռիչքի ընթացքում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Ձևավորվել է քննչական խումբ:
Դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական, դատաբժշկական բնագավառների փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու նպատակով վերցվել են նմուշներ։
Բացի այդ, կատարվել է դիակների արտաքին զննում, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ՝ վթարի պատճառները, սահմանված կարգով ինքնաթիռի շահագործման թույլատրելիության, տեխնիկական պահանջներին համապատասխանության, անհրաժեշտ զննություններն անցած լինելու և վթարին հանգեցրած հնարավոր այլ գործոնները պարզելու ուղղությամբ։
Բացառիկ կադրեր ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում