ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։
«Մեծ պատիվ էր մասնակցել Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցած չափազանց հուզիչ սուրբ պատարագին»,– գրել է նա։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին
© Photo : Social media of Tigran Mkrtchyan
Տիգրան Մկրտչյանը նշել է, որ արարողության ժամանակ խոսքով է հանդես եկել նաև հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը։
Նա իր խոսքում, կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս,նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։
Նշենք, որ թուրքական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ի` թուրքական զորքերի կողմից գրավմամբ։