ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ տիեզերք ուղարկված «Հայասաթ1» և «Արմսաթ 1» հայկական արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Ըստ թերթի` տարբեր երկրների կառավարություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը:
«ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար», - ասված է գերատեսչության պատասխանում։
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022-ի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, գործարկվել է 2023-ի դեկտեմբերին։