Լոռու մարզում աղետից վնասված միջպետական ճանապարհի 28 հատվածից 27–ում ավարտվել է հողի լիցքը

Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, և այն երկկողմանի երթևեկելի է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հեղեղի հետևանքով Լոռու մարզի Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27–ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Այս մասին ասել է «Թումանյանի ՃՇՇՁ» տնօրեն Մուկուչ Տիտանյանը Ալավերդու համայնքապետարանում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Ալավերդու համայնքապետարանում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը
Աշխատակազմից հայտնում են նաև, որ 10 օր անց կիրականացվի ասֆալտապատումը:
«Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Տիտանյանը տեղեկացրել է նաև, մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, և այն երկկողմանի երթևեկելի է:
Բացի այդ, Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։