Փարիզի օլիմպիական խաղերին մեկնող հայ մարզիկները ծիրանի տեսքով կրծքանշաններ են ստացել

ԿԳՄՍՆ–ում ընդունել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին։
Փարիզի ՀԲԸՄ շենքում այս օրերին կբացվի «Հայաստանի օլիմիական տունը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ–ում այսօր ընդունել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերին հայկական մասնակցության կրծքանշանը:
Հհայկական ծիրանի տեսքով կրծքանշան
«Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել: Ամեն դեպքում այն պնդումները, որ շատ ուժեղ մասնակցություն պետք է ունենանք, կարծում եմ՝ բոլորիս է ոգևորում: Այն, որ մեկնում եք մասնակցելու խաղերին, ցույց է տալիս, թե որքան մեծ աշխատանք եք կատարել և որքան մեծ դժվարություններ եք հաղթահարել»,– ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի «Հայաստանի տունը», որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:
Նշենք, որ 33-րդ Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում։
Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի հաղթողները պետությունից կստանան 25 մլն դրամ (մոտ 64 հազար դոլար), իսկ Ազգային օլիմպիական կոմիտեն և մասնավոր ընկերություններից մեկը կկրկնապատկեն այդ գումարը:
ԿԳՄՍՆ–ում ընդունել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին։
Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը: