Հույն հայտնի երգչուհին հրաժարվել է Իզմիրում ելույթ ունենալ Աթաթուրքի դիմանկարի ներքո

Համերգի կազմակերպիչները պարզել են Աթաթուրքի դիմանկարով պաստառը՝ այդ մասին չտեղեկացնելով երգչուհուն։ Տեսնելով դա՝ Վանդին հրաժարվել է բեմ բարձրանալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղյալ է հայտարարել Թուրքական կրթական հիմնադրամի համերգում իր ելույթը: Ինչպես հաղորդում է Greek Reporter-ը, երգչուհին նման որոշում է կայացրել՝ տեղեկանալով, որ բեմում ծավալված է Քեմալ Աթաթուրքի դիմանկարով պաստառը (ընդ որում՝ համերգի մասնակիցներին այդ մասին չեն զգուշացրել):
Համերգը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Չեշմե քաղաքում․ Վանդին, երգչախմբի հետ միասին, պատրաստվում էր կատարել Իզմիրի քաղաքային հիմնը:
Instagram-ի իր էջում Վանդին պարզաբանել է բեմ դուրս չգալու որոշումը. «Ամենայն հարգանքով հանդիսատեսի նկատմամբ, որ իր ներկայությամբ պատվել է ելույթս, հայտարարում եմ, որ իմ մասնակցությունը համերգին անհնար է բացառապես Թուրքական կրթական հիմնադրամի մեղքով, որը միակողմանի և առանց նախազգուշացման որոշել է աղավաղել համերգի էությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ»:
Հունաստանի Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տունն ուզում են վերածել ցեղասպանության թանգարանի
Չեշմեի վարչակազմի ղեկավար Լալ Դենիզլին փորձել է իրավիճակից դուրս գալ՝ բեմ բարձրանալով և հանդիսատեսին կոչ անելով երգչուհուն սուլելու համար ուժեր չվատնել։ Նա հավելել է, որ թուրք ազգը բազմաթիվ նահատակներ է տվել այդ հողը նվաճելու համար։
Թուրքական մամուլն արձագանքել է մոտավորապես նույն աստիճանի ագրեսիայով։ Hurriyet թերթը գրել է, որ Վանդին «ծայրահեղ միջադեպ» է թույլ տվել, մյուս պարբերականներն արտահայտվել են մոտավորապես նույն տոնայնությամբ։
Հիշեցնենք, որ հայերի, հույների, ասորիների և եզդիների զանգվածային ոչնչացումը Թուրքիայում շարունակվեց նաև հանրապետության հաստատումից հետո, այսինքն՝ Աթաթուրքի օրոք։ 1922 թվականի սեպտեմբերին թուրքական բանակը մտավ Զմյուռնիա (ներկայիս Իզմիր) քաղաք։ Հույների և հայերի (քաղաքի հիմնական բնակչության) բնաջնջման նպատակով կազմակերպվեց զանգվածային հրդեհ, իսկ կրակից փրկվածներին ջարդարարները սպանեցին։ Քչերին հաջողվեց փրկվել արտասահմանյան նավերով, որոնք փախստականներին դուրս բերեցին քաղաքային նավահանգստից։
Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող