ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) շարժումն իր վրա է վերցրել ԱԹՍ–ի միջոցով իսրայելական Թել Ավիվի հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին:
«Եմենի ռազմաօդային ուժերի դրոնը որակյալ ռազմական գործողություն է իրականացրել։ Դրա նպատակը Յաֆֆա քաղաքի գրավյալ տարածքի կարևոր օբյեկտներից է, որն Իսրայելում հայտնի է որպես Թել Ավիվ», - խոսնակ Յահյա Սարիայի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:
Սարիան հավելել է, որ հութիները քաղաքի վրա հարձակվելու համար օգտագործել են նոր «Յաֆֆո» ԱԹՍ, որը կարող է շրջանցել հակառակորդի ՀՕՊ համակարգերը:
Ավելի վաղ Jerusalem Post թերթը հայտնել էր Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունի մասին: Պարբերականի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ պայթյունի պատճառը «օդային օբյեկտի անկումն է»: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բեն Յեհուդ և Շալոմ Ալեյհեմ փողոցների անկյունում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի հարևանությամբ:
Անցյալ տարվա հոկտեմբերին հուսիթները հայտարարել էին, որ կաջակցեն Պաղեստինյան խմբավորումներին Գազայի հատվածում իսրայելական բանակին հրթիռային և օդային հարձակումներով, ինչպես նաև ռազմական այլ տարբերակներով դիմակայելու հարցում:
2014-ի սեպտեմբերից շիա «Անսար Ալլա» շարժումը, որին աջակցում է Իրանը, վերահսկում է Եմենի կենտրոնական և հյուսիսային նահանգների մեծ մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան, 2015-ի մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի բանակին աջակցելու համար, որպեսզի այդ շրջանները վերադարձնեն խմբավորման վերահսկողությունից, սակայն նրան չի հաջողվել հասնել դրան ինը տարվա ընթացքում: