ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայում 2։1 հաշվով հաղթեց տեղի «Շկենդիային» և անցավ ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հանդիպման մեկնարկում «Շկենդիան» փորձեց տիրել նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից չորս անգամ անկյունային իրացրեց։ Բայց դա չէր ազդում խաղի ընթացքի վրա, որովհետև «Նոան» էլ իր հերթին երեք անգամ տուգանայինի իրավունք ստացավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Մեր փոխչեմպիոնը տեղի չէր տալիս ու գործում էր վստահ։ Իսկ երբ Ալեքսանդր Միլկովիչը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը, մեր թիմը սկսեց ավելի վստահ գործել։
Ավելին` խփած գոլից հետո «Նոան» կարող էր և կրկնապատկել իր առավելությունը։ Մաթեուս Այասը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց չօգտագործեց հիանալի առավելությունը։ Թիմերը ընդմիջման գնացին «Նոայի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսում էլ «Շկենդիան» անկյունայինների առումով առավելություն ուներ մեր թիմի նկատմամբ, ու ի վերջո 53-րդ րոպեին Կլիսման Ցակեն անկյունայինից կատարված փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակը։ Բնականաբար խփած գնդակը ոգևորեց «Շկենդիայի» ֆուտբոլիստներին, ու եթե գերազանց չխաղար Օգնեն Չանչարևիչը, դաշտի տերերը կարող էին և առաջ անցնել հաշվի մեջ։
«Նոան» հավասար հաշվի պայմաններում արդեն հիմնականում պաշտպանվում էր, բայց միաժամանակ նաև բաց չէր թողնում արագ հակագրոհելու առիթը։ Եվ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին իսկ րոպեին Գոնսալու Գրեգորիուի հիանալի փոխանցումից հետո Վիրժիլ Պինսոնը երկրորդ գնդակն ուղարկեց «Շկենդիայի» դարպաս։ «Նոան» անընդմեջ երկրորդ հաղթանակը տոնեց մրցակցի նկատմամբ ու շարունակում է ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
Հիշեցնենք` հուլիսի 11-ին «Նոան» «Շկեդիային» հաղթել էր 2։0 հաշվով։ Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հուլիսի 25-ին սեփական հարկի տակ կմրցի Մալթայի «Սլիմա» թիմի հետ։