Երևանի մետրոյի դրենաժային թունելի բացումը կլինի աշնանը. ծրագրերը ներկայացվել են Մարագոսին

ԵՄ դեսպանը Մհույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի մետրոյի դրենաժային թունելի (գրունտային ջրերի հեռացման) բացումը կկայանա այս տարվա սեպտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Մարագոսն այսօր Երևանի մետրոպոլիտենում ծանոթացել է Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող ծրագրերին։
Սեդրակյանը ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու ԵՄ դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» 2–րդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին:
«Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրեց նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, ԴԵՊՈ-ի վերակառուցման և այլ ծրագրերը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպան Վասիլիս Մարագոսն էլ հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի: