Բաքուն շատ ավելի լավ էր զինվում, քան Երևանը. Մակրոնը՝ ՀՀ–ի հետ համագործակցության մասին

Ֆրանսիայի նախագահը մեկնաբանել է Հայաստանին զենք մատակարարելու թեման՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն է 2020-ին սարսափելի պատերազմ սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Գործընկերներին ինքնապաշտպանության համար զենք և զինամթերք մատակարարելը նորմալ է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ադրբեջանցի լրագրողի հարցը Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին։
«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ագրեսիայի ենթարկվել այլ պետության կողմից։ Եվ ես երբեք վարչապետ Փաշինյանից չեմ լսել, որ նա պատերազմի կամ ագրեսիայի որևէ ծրագիր ունենա», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշել է Մակրոնը, վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը:
«Եթե նայենք, ապա վերջին տասնամյակում Ադրբեջանը կարծես թե շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում (ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), հենց Ադրբեջանն է, որ սարսափելի պատերազմ է սկսել 2020-ին», -հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
ԶԼՄ–ներից իմացանք. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելու մասին
Նա ընդգծել է, որ եթե Երևանն ու Բաքուն ավարտեն խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, Փարիզը կաջակցի դրան։
«Կարծում եմ, որ ռազմական տեսանկյունից` ցանկացած երկրի հետ համագործակցությունը միանգամայն նորմալ երևույթ է միջազգային պրակտիկայում։ Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը՝ խաղաղությունը։ Իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանի հեռանկարը նույնպես խաղաղություն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ, մենք կաջակցենք դրան», - եզրափակել է Մակրոնը։
Ավելի վաղ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 հրետանային կայանքների մասին է։