Բաբայանն ուզում է արցախցիների միասնականության լոզունգի տակ մասնակցել ընտրությունների. ԶԼՄ

Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ ու Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արցախի նախկին պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Բաբայանն այդ մասին ակնարկել է արցախցիների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ առաջիկայում ակտիվ քայլեր է անելու միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար։
Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ
Թերթը գրում է, որ մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ ու Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։
Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն և Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։
Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է անկախ քաղաքական տարաձայնություններից միասնականություն դրսևորել, քանի որ եթե այսօր ինքն է ՀՀ իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։
Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, որն էլ իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, ապա հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնականություն լիներ, իրենց քաղաքական ուժին անկյուն չէին մղի:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել. փաստաբան