ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանում մեկնարկել է հայագետների կոնգրեսը, որի ընթացքում աշխարհի առաջատար բուհերի մասնագետները երեք օրվա ընթացքում՝ հուլիսի 19-22-ը, կքննարկեն տվյալ գիտական առարկայի զարգացման հեռանկարները:
«Սա կարևոր հարթակ է, որտեղ հետազոտողները կարող են քննարկել հայագիտության զարգացման հեռանկարները։ Չի բացառվում, որ այս երեք օրերի արդյունքներով մենք քննարկենք ամենամյա համագումարի անցկացման հնարավորությունը», - Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ժաննա Անդրեասյան
© Sputnik
Նա նշեց նաև, որ կոնգրեսի շրջանակում քննարկվելու է հայագիտական ցանցային համալսարանի ստեղծման հայեցակարգը: Այս կառույցը պետք է համախմբի տարբեր երկրներում գործող հայագիտության կենտրոնները և հարթակ դառնա առարկայի ավելի խոր ուսումնասիրության համար: Անդրեասյանը հավելեց, որ նման համալսարանի ստեղծման մասով նախարարությունն առանձին զեկույց է պատրաստել, որը կներկայացվի կոնգրեսի մասնակիցներին:
«Մեր նպատակն է համախմբել հայագիտական ներուժը, ինչը թույլ կտա նոր հնարավորություններ բացել ինչպես կրթության, այնպես էլ նոր հետազոտությունների իրականացման առումով», - ընդգծեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը
© Sputnik
Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը կոնգրեսն աննախադեպ իրադարձություն որակեց: Նա ընդգծեց, որ այն կարող է խթանել հայագիտության ոլորտում հետազոտությունները, բարձրացնել Հայաստանի ճանաչելիության աստիճանը: Խզմալյանը կարևորեց տեղեկատվության փոխանակումը գիտական շրջանակների և պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտական հանրության միջև: Նրա համոզմամբ՝ դա կօգնի միջազգային փորձագետներին ներգրավել կրթական բարեփոխումներին։
«Կոնգրեսը հնարավորություն է տալիս բարձրացնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը, ավելացնել դրանց մասնակիցների թիվը, իրականացնել նոր հետազոտություններ, իրականացնել համատեղ ծրագրեր և աշխատանքներ», – նշեց նա:
Ժաննա Անդրեասյան
© Sputnik
Խզմալյանի կարծիքով՝ կոնգրեսի մասնակիցների և պետության համատեղ ջանքերով հնարավոր է բարձրացնել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը արտերկրում, այդ թվում՝ երիտասարդ մասնագետների: Այս համատեքստում նա ընդգծեց, որ կոնգրեսին մասնակցել են հայագիտության ոլորտի տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից։
Մատենադարանի տնօրենը հայտնեց, որ Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության բաժնի նախկին ղեկավար Մայքլ Սթոունը պարգևատրվելու է «Երախտագիտության», իսկ Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանչին և Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ Վալենտինա Կալցոլարին՝ «Մովսես Խորենացի» մեդալով:
Վալենտինա Կալցոլարի
© Sputnik