Ապագա կա. արդյոք այս լավատեսական պնդումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ամերիկային

Այն, որ Հայաստանում ապագա կա, գիտենք դեռ վերջին ընտրություններից, երբ այդ կարգախոսով ոգևորված ընտրողների մեծ մասն իր ձայնը տվեց մեր հարազատ իշխանություններին։
Sputnik
Ճիշտ է, գոնե առայժմ շատ դժվար է կռահել, թե ինչպիսի ապագա է մեզ սպասում, որովհետև, մի կողմից, իշխանությունները նաև զգուշացրել են, որ եթե փորձենք կարմիր շորով զայրացնել ցլին, ապագան այնքան էլ վարդագույն չի լինի։ Մյուս կողմից, նաև Վաշինգտոնն է զգուշացնում, որ, մեջբերեմ՝ «վերջնական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը դեռ ծանր զիջումների պիտի գնան»։ Եվ հիմա ազգովի Կասկադում նստած քննարկում ենք՝ լա′վ, էլ ի՞նչ զիջումներ են մեզնից պահանջում և ինչպիսի նոր սահմանադրություն մշակենք, որը կգոհացնի շատ արագ կատաղող ցլին։
Ի դեպ, ինչպես ասվում է մեր ժողովրդական-նախընտրական հայտնի երգերից մեկում՝ մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք։
Տեքումսեն անիծել էր ԱՄՆ-ի նախագահներին. ինչու փրկվեց Թրամփը
Աշխարհի ամենահզոր տերության՝ Ամերիկայի քաղաքացիներն էլ չգիտեն, թե ինչ ապագա է իրենց սպասում։ Որովհետև, ինչպես նշում են քաղաքագետները, նախագահի երկու թեկնածուներն էլ ավելի շուտ անցյալի, քան ապագայի հետ են առնչվում։ Մեկը 70-ն անց է, մյուսը՝ 80-ն անց։ Մեկն այնպիսի վիճակում է, որ կուսակիցները խնդրում են՝ կրկին քովիդով ես վարակվել, հրաժարվիր դու այդ անիծյալ երկրորդ ժամկետից, ախր, քո պատճառով մեզ էլ խորհրդարանի պատգամավոր չեն ընտրի, բայց նա համառում է, իսկ մյուսը դատական գործընթացների մեջ է թաղված ու ինչ-որ ֆանտաստիկ խոստումներ է տալիս, թե մի օրում կկանգնեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Ընդ որում, երկուսն էլ՝ փոխանակ երկրի ապագայի մասին խոսելու, անընդհատ միայն իրար են փնովում ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը։ Բրիտանական «Financial Times»-ն ավելացնում է. «Այս ամենով հանդերձ, ամերիկացի երկու թեկնածուներն էլ մեծ ժողովրդականություն չեն վայելում»։
Իսկ ամերիկացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնը աղմուկ հանած իր վերջին հոդվածում նույնիսկ անմիջական զուգահեռներ է անցկացրել 80-ականների փլուզվող Խորհրդային Միության և ներկայիս Ամերիկայի ղեկավարների միջև։ Հիշում եք, իհարկե, 1982 թվականին 75 տարեկանում կյանքից հեռացավ Լեոնիդ Բրեժնևը, նրան փոխարինեց КГБ-ի ղեկավար Յուրի Անդրոպովը, որը նույնպես ծեր էր ու հիվանդ և պաշտոնավարեց ընդամենը 15 ամիս, իսկ նրա հետնորդ Կոնստանտին Չեռնենկոն դիմացավ ընդամենը մեկ տարի։ Ու երբ վերջապես եկավ համեմատաբար երիտասարդ Միխայիլ Գորբաչովը, արդեն ուշ էր՝ քանդվող կայսրությունն այլևս անհնար էր փրկել։
Պատմաբանը փաստում է՝ բոլոր համեմատություններն, իհարկե, կաղում են, և 2024-ի Վաշինգտոնը բոլորովին նման չէ 80-ականների Մոսկվային։ Իսկապես, դժվար թե որևէ մեկն առարկի, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ամուր է, բանակը՝ հզոր, և տարբեր երկրներում ապրող մարդիկ, այդ թվում հայաստանցիների որոշ մասը, երազում են հայտնվել Ամերիկայում, բայց ի հայտ են եկել նույնպիսի նախանշաններ, ինչպես Սովետի փլուզումից առաջ՝ Միացյալ Նահանգների գլոբալ ազդեցությունը թուլացել է, առկա են ճգնաժամային երևույթներ, որոնցից մեկն էլ հենց այն է, որ Սպիտակ տան համար միմյանց հետ մրցում են զառամյալ թեկնածուներ, և չկա որևէ մեկը, որի հետ ամերիկացիները կապեն իրենց ապագան, գրում է «Financial Times»-ի մեկնաբանը՝ եզրակափակելով. «Այնինչ, ամերիկացիներին անհրաժեշտ է մի մարդ, որը ոչ թե գեղեցիկ խոսքեր արտասանի ապագայի մասին, այլ մարմնավորի այդ ապագան»։ Համաձայնե′ք, ճիշտ նույնը կարելի է նաև Հայաստանի մասին ասել։ Ներկա իշխանությունների և ներկա ընդդիմության հետ ապագայի հույսեր է կապում հայաստանցիների ընդամենը փոքր մասը։
Կարող եմ «Gallup»-ի վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայակոչել։ Հարցվածների ընդամենը 14,5 տոկոսն է ասել, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, եթե ընտրությունները կայանային այս կիրակի։ Ընդդիմադիր ուժերի վարկանիշները շատ ավելի ցածր են՝ որևէ ընդդիմադիր կուսակցության օգտին հայաստանցիների 4 տոկոսից ավելին մտադիր չէ քվեարկել, իսկ հարցվածների գրեթե կեսը խոստովանել է, որ ընդհանրապես չի գնա ընտրատեղամաս։
Սովետն ուզում էր Մարսի վրա կոմունիզմ կառուցել. ի՞նչ փորձեր է անում ՆԱՍԱ-ն
Դե ինչ, մնում է մխիթարվել նրանով, որ ոչ միայն Հայաստանում են վերլուծաբանները հոռետեսական կանխատեսումներ անում։ Ամերիկացի մեկնաբաններից մեկը՝ փաստելով , որ նախագահի ընտրություններից առաջ հիմնական թեկնածուների հետ կապված այսքան տխուր վիճակ չէր եղել շատ վաղուց, մեջբերում է Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» վեպի երևի թե ամենահայտնի երկխոսությունից մի հատված.
«Իսկ ինչպե՞ս եք դուք սնանկացել,- հարցրեց Բիլը։ -Երկու ձևով, պատասխանեց Մայքլը։ -Սկզբից աստիճանաբար, իսկ հետո՝ միանգամից»։