ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռուսալի» հայկական դուստր ընկերության՝ «Ռուսալ Արմենալի» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Մաքսիմ Կարամանովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հիմա ընկերությունում դիտարկում են ձեռնարկության գործունեության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով դրա վնասաբերությունը։
Նախկինում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Զաքարյանը կադրային ռոտացիայի կարգով կշարունակի աշխատել «Ռուսալ» ընկերության այլ նախագծերում:
«2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքներով՝ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն շարունակում է վնասով աշխատել։ Հաշվի առնելով դա՝ դիտարկվում են ձեռնարկության հետագա աշխատանքի տարբեր սցենարներ, այդ թվում՝ մասնակցություն պետական աջակցության և սուբսիդավորման ծրագրերին, վերակազմավորում, արտադրության կրճատում և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
«Ռուսալ Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի (ոչ հումքի) խոշորագույն արտահանողն է Հայաստանից դեպի Արևմտյան Եվրոպա: Այժմ գործարանըարտադրանքի իրացման խնդիրներ ունի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից հետո։