Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Մեծ Բրիտանիայում. ի՞նչ են քննարկել

Երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բլենհայմյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել երկու երկրների բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի:
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների առաջնորդները խոսել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման մասին։
Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 17-ին Լոնդոն է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Նրանք այնտեղ են լինելու մինչև ամսի 20-ը։
ՀՀ վարչապետը Մեծ Բրիտանիա է մեկնել Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Գագաթնաժողովի շրջանակում նա այսօր ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: