Հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը տնտեսվարողները չեն. ՄՊՀ նախագահը հերքում է լուրերը

Բենզինի գների հետ կապված ՀՀ ՄՊՀ–ն այս պահին ուսումնասիրություններ է անում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը բորսայական գների բարձրացումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ամբողջ աշխարհում ներմուծվող ապրանքի գները բարձրացել են, և այդ իսկ պատճառով ներքին շուկայում են գները բարձրացել»,– ասաց նա։
Նշենք, որ մայիս ամսին հեղուկ գազի գինը 90 դրամ է եղել, հունիսին գինը հասել է 190-200 դրամի։
Գևորգյանը հերքում է տնտեսագետների այն պնդումը, թե հեղուկ գազի գինը բարձրացել է շուկայից փոքր խաղացողների հեռացման արդյունքում։

«Վերջին թարմացված տվյալներով` հեղուկ գազ ներմուծող ընկերությունների թիվը 98 է։ Որևէ մեկի չափը 10 տոկոսը չի։ 10 տնտեսվարողի մոտ 4-5 տոկոս է մասնաբաժինը, մնացածինը` ավելի քիչ։ Այսինքն՝ հերքում եմ այն խոսակցությունը, թե փոքր տնտեսվարողները դուրս են եկել շուկայից՝ դրա համար է թանկացել»,– հավելեց ՄՊՀ նախագահը։

Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին հանձնաժողովն ուսումնասիրություն է անում։
«Մենք կարծում ենք, որ այնտեղ առերևույթ չարաշահում է եղել, բայց դեռ վերջնական որոշում չկա»,– ասաց նա։
Նա հորդորեց մարդկանց գազի կամ բենզինի գինը չհամեմատել այլ երկրների գների հետ ու ենթադրել, որ այն թանկ է։ Ըստ Գևորգյանի` պետք է բորսայի գնին գումարել ճանապարհածախսը ու նոր միայն ենթադրություններ անել։
Հիշեցնենք, որ 2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % և 0.1 %–ով:
Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել․ տնտեսագետը նշում է պատճառներն ու խնդրի լուծման ուղիները