ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մինչև 2029 թվականն այդ պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում խոստանում է Եվրամիությունը վերածել պաշտպանական միության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկա հինգ տարիների մեր գործունեությունը կկենտրոնանա Եվրոպական միությունն իսկական պաշտպանական միություն դարձնելու վրա»,–նշված է նրա նախընտրական ծրագրում:
Պաշտոնյան նախատեսում է նաև ստեղծել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ։
«Մենք կստեղծենք Եվրոպական պաշտպանական հիմնադրամ, ներդրումներ կկատարենք պաշտպանական բարձր հնարավորությունների այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ծովային, ցամաքային և օդային ուժերը, տիեզերքը և կիբեռանվտանգությունը», – ասվում է ծրագրում:
Ֆոն դեր Լյայենը նաև հայտարարել է պաշտպանության վրա ավելի շատ միջոցներ ուղղելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով եվրոպական հակաօդային վահանի նախագիծն իրացնելու ձգտման մասին:
«Սերտորեն աշխատելով անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի հետ՝ մենք կառաջարկենք մի շարք պաշտպանական նախագծեր, որոնք ընդհանուր եվրոպական հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում ՝ եվրոպական հակաօդային վահան և կիբեռպաշտպանություն», - նշվում Է փաստաթղթում:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մտադիր է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն:
«Եվրոպական մակարդակով պաշտպանության ամրապնդման աշխատանքները համակարգելու համար ես կնշանակեմ պաշտպանության հարցերով հանձնակատար, որը սերտորեն կհամագործակցի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հաջորդ բարձրագույն պաշտոնյայի հետ», – ասված է փաստաթղթում:
Նա նաև ընդգծել է, որ առաջիկայում կներկայացնի Եվրոպայի պաշտպանական ոլորտի ապագայի վերաբերյալ ծրագիրը:
Հուլիսի 18-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լյայենի թեկնածության հարցով Եվրախորհրդարանի պատգամավորների քվեարկությունը։