ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ին մեկնարկած «Արծիվ գործընկեր–2024» հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մինչև հուլիսի 24-ը Հայաստանում:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրն է փորձել ամրապնդվել Հարավային Կովկասում ՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների ավանդական գործընկերների: Եվ հավանաբար ստացվում է դա անել Հայաստանի տարածքում։
Զախարովան «տարօրինակ պատմություն» անվանեց այն, որ Երեւանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում են Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովին, անցկացնում են զորավարժություններ:
«Նման մեքենայություններ ԱՄՆ–ն և, բնականաբար, ԵՄ-ն՝ որպես ՆԱՏՕ-ի տնտեսական դեպարտամենտ, մեկ անգամ չէ, որ իրականացրել են բազմաթիվ երկրների հետ։ Թե ինչով է ավարտվում այսպես կոչված «արծվային գործընկերությունը», գիտեք։ Օգտագործում են, հետո դեն նետում», - նշեց նա։
ԱԳՆ ներկայացուցչի տեսանկյունից` նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը, ինչպես հայտարարում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, վտանգ կա, որ Երևանն իր ձեռքերով կապակայունացնի Հարավային Կովկասի իրավիճակը՝ ի վնաս նաև սեփական անվտանգության: