ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցը ներառվել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի)` հուլիսի 22֊ի նիստի օրակարգում»,- գրել է Եղոյանը։
Նա հավելել է, որ երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։