ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար ՀՀ բյուջեից արդեն իսկ ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդ գումարը հատկացվել է բնակարանների, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովման նպատակով՝ ուղղակի դրամական աջակցության և այլ համանման մեխանիզմների միջոցով»,- ասել է նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համառոտ ներկայացրել է 2020-2023թթ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված գործողությունները՝ պատերազմ, շրջափակում, էթնիկ զտում, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 115 հազար էթնիկ բնակչությունը բռնի տեղահանվեց ու հաստատվեց Հայաստանում։
Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տարբեր ուղղություններով իրականացրած ջանքերը՝ արցախցիների խնդիրները մեղմելու, կարիքները բավարարելու համար։ Նա խոսել է նաև ներկայում իրականացվող երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագրի մասին, հավելել, որ իրականացվում են նաև կոնկրետ ծրագրեր փախստականների զբաղվածության ապահովման ուղղությամբ։