Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է. դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը

Դավիթ Սարգսյան
Բեկանվել է դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն արդեն ազատության մեջ է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժել քննիչի ներկայացրած միջնորդությունը»,– գրել է Երիցյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ դատավորի մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվեց, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք կիրառվեց։
Մայիսի 25–ին ձերբակալվեց նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալեցին նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։