Օրբանի քայլերից հետո ԵԽ պատգամավորները պահանջում են Հունգարիային զրկել ձայնի իրավունքից

Եվրախորհրդարանականները կարծում են, որ Օրբանը չարաշահել է ԵՄ խորհրդի ղեկավարի դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վիկտոր Օրբանի՝ Ռուսաստան և Չինաստան կատարած այցերից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով 63 պատգամավորների նամակը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլային։
Պարբերականի տվյալներով՝ պատգամավորները նամակում հայտարարել են, որ Օրբանը, «չարաշահելով ԵՄ Խորհրդի նախագահի դերը, զգալի վնաս է հասցրել» միությանը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվա կատարած այցը նա անվանել էր խաղաղ առաքելության հաջորդ փուլը։ Դրա սկիզբը, նրա խոսքով, հուլիսի 2-ին Կիև կատարած այցն էր: Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է շուտով մի քանի նման անսպասելի հանդիպում անցկացնել:
Օրբանը և Սի Ծինփինը Պեկինում քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղ նախաձեռնությունը
Հուլիսի 8-ին Օրբանն այցելել էր Պեկին, որտեղ հայտարարել Է, որ Հունգարիան դեմ է Չինաստանի հետ առճակատմանը և կողմ է ԵՄ-ի և ՉԺՀ-ի համագործակցությանը: Պեկինից հետո էլ Օրբանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։