ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը հրապարակել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 անձ`
Խումարյան Գարեգին,
Հովհաննիսյան Բելա,
Մարգարյան Մհեր,
Յալանուզյան Միքայել,
Պետրոսյան Լուսինե,
Ռուբինյան Հակոբ,
Քոլոյան Արմեն,
Օհանյան Նազելի։
Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 29-ին։
Հիշեցնենք` հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։
Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մրցույթը համարվեց չկայացած։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել։
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։ Խումարյանը շեշտել էր, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել «փրայմերիզի» ձևաչափով, ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց։