ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի հիմքով կարճված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն։ Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում է ՀՀ դատաիրավական պրակտիկայի ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպվեր ու ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն։ Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, քանի որ դատավորը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»,– հայտարարեց Անդրեասյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս որոշումն ընդունվել է միաձայն, վերջնական է և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ դատավորի նկատմամբ վարույթ հարուցվել ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած աղմկահարույց տեսանյութի պատճառով, որտեղ խոսվում է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։
Ըստ այդ տեսնայութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։