ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Նախարարության մամուլի ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ այսօր զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան–Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղևոր վնասվածքներ են ստացել:
«Մի շարք ԶԼՄ–ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել»,– ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հորդորում են ՃՏՊ–ի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալ ՀՀ ՆԳՆ-ից: