ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Telegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար Երևանի 23–ամյա մի երիտասարդի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ տվյալ անձը 2020-2023 թթ. ընթացքում ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Նշվում է, որ այդ թմրամիջոցներն անձը առանձնացրել է ըստ քաշերի, փաթեթավորել ու նախապես տեղադրել թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանել է, ծրագրային հավելվածի միջոցով նշել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։ Դրանից հետո «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ–հարթակի միջոցով լուսանկարներն ու կոորդինատները փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով գումար փոխանցած անձանց:
Այդ գումարները հետագայում փոխանցվել են այլ կրիպտարժութային դրամապանակների, այդ թվում՝ երիտասարդի անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված դրամապանակին` «դաշքոին» տեսակի կիպտոարժույթով: Ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.613.418 դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու համար օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ:
ՔԿ–ից հայտնում են, որ 12.613.418 դրամից 8.542.241 դրամ գումարը 2020-2023 թթ. ընթացքում փոխանցվել է 23–ամյա երիտասարդի անվամբ «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին և տնօրինվել:
Երիտասարդին մեղադրանք է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և փողերի լվացում հոդվածներով:
Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին: