ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15–ից օգոստոսի 12–ը արձակուրդում կլինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նիկոլ Փաշինյանն արձակուրդի մեծ մասը կանցկացնի ՀՀ-ում»,– նշեց նրա խոսնակը։
Նշենք, որ 2018–ին «թավշյա հեղափոխության» արդյունքում վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել հունիսի առաջին օրերին, ապա նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը։ 2019 թվականին նույնպես նա երկու անգամ արձակուրդ է վերցրել` սկզբում հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ, ապա մայիսի 31–ից մի քանի օր։
2020 թ–ին նա արձակուրդ է վերցրել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը, իսկ 2021 թվականին` հունիսի 7-18-ը ներառյալ, ինչպես նաև օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։
2022 թ–ին Փաշինյանն արձակուրդ է մեկնել հուլիսի 25–ից` մի քանի օրով։
Արձակուրդ է մեկնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. նա կհանգստանա 2024 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը ներառյալ։