Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

Իրանում Ադրբեջանի դեսպանություն
Ադրբեջանի դեսպանն արդեն Թեհրանում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին։ Հարցը քննարկվել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ դեսպանն արդեն Թեհրանում է:

«Իրանական կողմը` որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, միջոցներ է ձեռնարկել մեր դեսպանատան նոր շենքի առջև դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»,-ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրանում դեսպանության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ, և առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի հյուպատոսական ծառայության վերականգնման վերաբերյալ:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վնասվածքներ էին ստացել։