ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 20 տարեկան տղա է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժինը երեկ՝ ժամը 16:50-ի սահմաններում, «էջմիածին» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Իրավապահները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է տան տանիք, որպեսզի գնդակը իջեցնի, դիպել է էլեկտրական լարին ու հոսանքահարվել։
Հուլիսի 15-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է: