ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո խստացրել և վերանայել է անվտանգության միջոցառումները: Որոշումը Միլուոքիում անցկացված Հանրապետական կուսակցության համագումարում հայտնել Է գերատեսչության ղեկավար Քիմբերլի Չիթլը:
«Վստահ ենք անվտանգության ծրագրին, որը մշակել են համագումարի մեր համակարգողն ու գործընկերները։ Մենք վերանայեցինք և ամրապնդեցինք այն՝ շաբաթ օրը տեղի ունեցած կրակոցներից հետո: Հունիսին ձեռնարկված միջոցառումներից բացի, շաբաթ օրվանից փոփոխություններ ենք կատարել Թրամփի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի քարոզարշավի մնացած մասում ապահովենք նրա անվտանգությունը»,-ասվում է Չիթլի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Թրամփը շաբաթ օրը տեղի ունեցած մահափորձի պատճառով ընդհատել էր Փենսիլվանիայում հրապարակային ելույթը: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է թիկնազորը թևանցուկ դուրս բերում Թրամփին, վերջինիս ականջն արյունոտ է։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ականջի շրջանում վնասվածք է ստացել և մեծ քանակությամբ արյուն է կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչնչացրել է բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալին։
Հրաձգության հետևանքով մահացել է հանդիսատեսներից մեկը ՝ 50-ամյա նախկին հրշեջը, ևս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել:
Կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է՝ Փենսիլվանիա նահանգից, որտեղ անցկացվում էր հանրահավաքը: Հաղորդվում է, որ նա թաքնվել էր արտադրական շենքի տանիքում՝ բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ այն տարածքից դուրս, որտեղ անցկացվում էր միջոցառումը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղի ունեցածն անվանել է Թրամփի դեմ մահափորձ։