ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ 235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հաղթանակի օր։ Այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանրապետության Ազգային տոնի առիթով հղված շնորհավորական ուղերձում։
«Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների»,- նշված է ուղերձում։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրի առաջնորդին պետական ամենաբարձր մակարդակով հայազգի զավակներին արժանին մատուցելու համար, այդ թվում՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանին, ում աճյունը տարեսկզբին տեղափոխվեց Պանթեոն։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկու պետությունների միջև առկա ամուր հարաբերություններին, բոլոր ոլորտներում զարգացող փոխգործակցությանը։
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու համար։
Նշենք, որ հուլիսի 14-ին նշվում է Ֆրանսիայի Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը։
Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1789-ին ապստամբ փարիզցիները գրոհով գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների: