Որքանո՞վ են հուսալի «Amazon Web Service»–ի առաջարկած սերվերները. մասնագետը պարզաբանում է

Շատ մասնագետներն այն համոզմանն են, որ այս սերվերները կարող են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները փոխանցել 3–րդ երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Amazon Web Service»–ի առաջարկած սերվերները Հայաստանի Հանրապետությունում կարող են կենսունակ և անվտանգ աշխատել, եթե ՀՀ պատկան մարմինները բավականին աչալրջորեն վերահսկեն դրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծրագրավորող, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը։
Հուլիսի 10–ին Երևանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարեց, որ «Amazon Web Service»–ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 մլն դոլար կհատկացվի։ «Amazon Web Service»–ը կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել Հայաստանի հատկապես պետական համակարգերը՝ տրամադրելով վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների, կիբեռանվտանգության ոլորտներում։
Այս հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, որ չի բացառվում, որ ՀՀ–ում նոր սերվերների տեղադրմամբ անձնական տվյալների արտահոսք լինի։ Հայրապետյանը վստահ է` դա չի լինի։
«Amazon Web Service»–ը մեզ տալիս է առանձին սերվերներ, ըստ այդմ` տվյալների փոխանցումը 3–րդ երկրներին կարող է և բացառվի, քանի որ այդ սերվերները կլինեն ՀՀ պատկան մարմինների վերահսկողության ներքո։ «Amazon Web Service»–ը սերվերներ տեղադրելու փորձ ունի նաև այլ երկրներում, որոնց հետ համագործակցությունը, կարծես թե, նորմալ է ընթանում»,– նկատեց կիբեռանվտանգության մասնագետը։
Հայրապետյանը համակարծիք է մյուս այլ մասնագետների հետ, որ այս սերվերների դեպքում կիբեռանվտանգությունը կլինի բարձր մակարդակի վրա։ Ըստ նրա` այդ մասին է առաջին հերթին վկայում այն, որ հայ և դրսի մանսագետների միջև փորձի փոխանակում կլինի։
««Amazon Web Service»–ի սիստեմային ադմինները, ըստ երևույթին, կգան Հայաստան և այստեղի համապատասխան մասնագետների հետ կշփվեն, փորձի փոխանակում կանեն, վերապատրաստում կանցնեն»,– նշեց Հայրապետյանը։
Բացի այդ, ըստ նրա, նոր սերվերների որակը շատ ավելի բարձր ու ավելի հուսալի կլինի, քան մեր ունեցած համակարգերինը։
ՀՀ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը նաև նշել էր, որ ԱՄՆ հետ այս համագործակցության արդյունքում նոր աշխատատեղեր կբացվեն։ Կիբեռանվտանգության մասնագետ Հայրապետյանը կարծում է, որ դա կախված նրանից, թե մեր մասնագետները որքանով կկարողանան այդ նոր սերվերների հետ աշխատել։
Խրախուսել ներդրումները գիտության և ՏՏ ոլորտներում. Պապոյանը հանդիպել է ռուս գործընկերոջը
«Ցավոք, մեր երկրում ՏՏ ոլորտը մի քիչ դանդաղ է զարգանում` համեմատած, օրինակ, Վրաստանի, Բելառուսի կամ Ուկրաինայի հետ։ Ոլորտի զարգացման համար այս տարիների ընթացքում ինչ–որ քայլեր, արդիականացումներ արվել են, սակայն այդ ամենը շատ դանդաղ է ընթանում։ Արդյունքում, լավ մասնագետների պակաս ունենք, իսկ եղած լավ մասնագետների մի մասն էլ սկսում է արտագաղթել»,– ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա` միգուցե մի որոշ ժամանակ նոր սերվերներն աշխատացնեն դրսից եկած մասնագետները, մինչ հայ ինժեներները կվերապատրաստվեն։
Հիշեցնենք, որ ամպային առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման համար իրավական հիմք է դրվեց հունիսի 14–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ ներկայացվեց և հաստատվեց «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին նախագիծը։ Այս մեխանիզմը կապահովի տեղեկատվության պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմեր` տվյալների կորստից պաշտպանվելու համար։