Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
Էրդողանը հայտարարել է` Անկարան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը շուտ կկնքեն:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները պատրաստ են խաղաղության հաստատմանը»,– ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է Բաքվից հնչող այն հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀՀ Սահմանադրությանը, Արշակյանը դա անվանեց «երկրի ներքին գործը»:
Նա չցանկացավ մեկնաբանել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը` նշելով, որ ՀՀ անվտանգային համակարգին վերաբերող բոլոր հարցերը որոշում են ՀՀ իշխանությունները։
«Այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք, բխում են Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Միխայիլ Գալուզինը երեկ հայտարարել է` ռուսական կողմը չափազանց ափսոսում է, որ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նրա խոսքով` խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանը Հարավային Կովկասում իրավիճակն իր ձեռքերով ապակայունացնելու լուրջ վտանգ է ստեղծում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության: