Ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ սպանության փորձի համար 2 հետախուզվող

Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ։
Sputnik
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվող՝ 31 տարեկան 2 տղամարդկանց։ Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանությունից։
Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարդու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։