Բաքվի դեմ հայցերից հրաժարվելը կարող է խնդիրների հանգեցնել. մասնագետներ

Միջազգային քրեական դատարան
Իրավապաշտպանները կարծում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է լինի հայցերից հրաժարվելու գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները չպետք է հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից, քանի որ դա ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ կառաջացնի միջազգային իրավական ատյաններում։ Երևանում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը:
«Խաղաղության պայմանագրի ստորագրման գինը չի կարող լինել հայցերից հրաժարվելը։ Այդ դեպքում մեր պետությունը կհրաժարվի բազմաթիվ անձանց իրավունքների պաշտպանությունից և կփակի մի շարք հարցեր միջազգային ատյաններում դատական կարգով լուծելու ճանապարհը»,– ասաց նա։
Իրավապաշտպանը կարծում է, որ հայցերից հրաժարվելը խնդրահարույց կդարձնի առանձին անձանց դիմումները։
Բաքուն կարող է ճնշել, բայց Երևանը պետք է խոհեմ լինի և չհրաժարվի դատական հայցերից. Սահակյան
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ նշեց, որ եթե Հայաստանը հրաժարվի իր հայցերից, ապա Ադրբեջանն էլ պետք է նույնը անի: Բացի այդ, խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն գերիների վերադարձի, սեփականության իրավունքի և այլ հարցեր։ Հակառակ դեպքում իրավական գործընթացին լուրջ վնաս կհասցվի։
«Եթե մենք հրաժարվենք իրավական գործընթացից, ապա Բաքուն կարող է տարիներ շարունակ ձգձգել փաստաթղթի ստորագրումը»,– նշեց Ղազարյանը:
Հիշեցնենք` այս տարվա մարտին ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն կարող է հրաժարվել միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում: