Զորացրվածները տաքսի մեքենայում են եղել. ի՞նչ վիճակում են Սյունիքում վթարից տուժած անձինք

Ձորն ընկած ավտոմեքենան
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 5 մարդ է տեղափոխվել բուժհաստատություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան, կա 2 զոհ, 3 տուժած։ Մահացել են վարորդն ու ուղևորներից մեկը։
«Հուլիսի 11-ին` ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում, Գորայք բնակավայրի մոտ վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։Բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ Նախնական տվյալներով` զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ»,– նշել է Աբրահամյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։