ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանի նախկին չեմպիոն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ռուսաստանցի խաղացողներից 4-ը մուտքի վիզա չեն ստացել ու չեն կարող մասնակցել էստոնական«Կալևի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին։ Այս մասին հայտնել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Թիմում կան ներկայացուցիչներ Ռուսաստանից։ Մենք բոլորս մինչև վերջին պահը սպասում էինք, որ նրանք մուտքի թույլտվություն կստանան։ Ներկա դրությամբ այդ թույլտվությունը չկա, ուստի ոչ մի ֆուտբոլիստ խաղին չի մասնակցելու», - հայտարարել է Գունկոն՝ հավելելով, որ երկու ռուսաստանցիներն առանց այդ էլ չէին կարողանա մեկնել՝ վնասվածքների պատճառով։
«Ուրարտու» ակումբում հանդես են գալիս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, կիսապաշտպաններ Օլեգ Պոլյակովը և Անտոն Կիլինը, հարձակվողներ Լեոն Սաբուան և Իվան Իգնատևը:
Հիշեցնենք, որ «Ուրարտուի» և Էստոնիայի «Կալևի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Տալլինում։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 20:30-ին: