«Նոան» 2։0 հաշվով հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» թիմի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» լրիվ նորացված կազմով սկսեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը, որում թիմը բավականին հեռու գնալու նպատակներ ունի և ձգտելու է հասնել մինչև խմբային փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի– Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթանակի հասավ Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» թիմի նկատմամբ։
Առաջին խաղակեսում թիմերը կարծես թե փորձում էին գնահատել մեկմեկու հնարավորություններն ու հետախուզում էին կատարում։ Ընդ որում, այդ հետախուզումը բավականին երկար տևեց։ Ամեն դեպքում, իրական գոլային պահեր ո՛չ «Նոան», ո՛չ էլ «Շկենդիան» ստեղծել չկարողացան։
«Ուրարտուն» կամային հաղթանակ տոնեց Էստոնիայում
Հայկական թիմը, որի կազմում շատ փոփոխություններ կային, ավելի շատ էր տիրում գնդակին, բայց խաղային օղակների ոչ արագ ու ոչ հստակ համագործակցության պատճառով մերոնք չէին կարողանում ավարտին հասցնել իրենց մտահղացումները։
Երկրորդ խաղակեսում «Նոան» սկսեց աստիճանաբար ճնշել մրցակցին, ու վտանգավոր պահերը սկսեցին հաճախակի առաջանալ հյուրերի դարպասի մոտ։ Սակայն այս դեպքում էլ պակասում էր դիպուկ հարվածը։ Խաղային առավելությունը հարկավոր էր օգտագործել։
Գոլը հասունանում էր, ու այն խփվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ։ Փոխարինման դուրս գալուց մի քանի րոպե անց Գոնսալո Գրեգորիուն իր նորամուտը «Նոայի» կազմում նշեց գոլով։
Իսկ երբ ընթանում էր խաղի վերջին րոպեն, Ալեքսանդր Միլկովիչը կրկնապատկեց «Նոայի» առավելությունն ու վերջակետ դրեց խաղին։ հանդիպումն ավարտվեց 2։0` հօգուտ «Նոայի»։
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն ասել է` ով կդառնա Եվրո-2024-ի հաղթող
Նշենք, որ երկու գնդակի տարբերությունը «Նոային» վստահություն կհաղորդի պատասխան խաղի ժամանակ, որում «Շկենդիայի» ֆուտբոլիստները իհարկե փորձելու են հետ բերել կորցրածը։
Պատասխան խաղը կայանալու է Հյուսիսային Մակեդոնիայում հուլիսի 18-ին։