ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտայում, անհայտ անձը մի քանի օր շարունակ հեղուկանման զանգված է լցրել սոսի տեսակի ծառերի տակ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Գործողությունները կատարվել են աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»` ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՀՈԱԿ–իաշխատակիցները կանաչ գույնի հատուկ համազգեստ են կրում և նրանց հեշտ է տարբերակելը, իսկ նման դեպքերի հանդիպելիս անհրաժեշտ է դիմել համապատասխան մարմիններին։
Քաղաքապետարանից նշում են` այս տարի սա միակ նման դեպքը չէ, նախորդ տարի տնկված մի քանի սոսի էլ է չորացվել: Հողն այդ ժամանակ ուղարկվել էր լաբորատոր հետազոտության, պարզվել էր, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ հանգեցրել է ծառերի չորացման:
Նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չէր հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիների չորանալը եղել է արտաքին միջամտության պատճառով: