Վաշինգտոնում կկայանա Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ղազախստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը սոցցանցի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):
Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։