Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի հանդիպումը. ինչ են պայմանավորվել

Խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 հուլիսի - Sputnik. Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,– ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Նշենք, որ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):