Քանի՞ գրանցված արցախցի աշխատող կա ՀՀ–ում. փոխնախարարը` բնակապահովման ծրագրի մասին

Դավիթ Խաչատրյան
Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 5 բնակավայրերից բացի մյուսներում բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը 200 հազարից պակաս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի` ապրիլի տվյալներով Հայաստանում 15-16 հազար արցախցի գրանցված աշխատող կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ հիմա արդեն այս թիվը պետք է 20 հազարին մոտ լինի։
«Կան զբաղվածության տեսակներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գրանցվում, այսինքն՝ այս թվերից զատ բազմաթիվ անձինք կան, որ ունեն զբաղվածություն»,- նշեց փոխնախարարը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե արցախցիները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատանք գտնել։
Փոխնախարարի գնահատմամբ՝ գրանցված աշխատողների թիվն ավելանալու է, զուտ ժամանակի հարց է։ Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կառավարության մշակած բնակարանային ապահովման ծրագրին։ Խաչատրյանը հիշեցրեց՝, որ շահառու դառնալու համար արցախցիները հայտ են ներկայացնում, որից հետո շահառուին հավաստագիր է տրվում բնակարան ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուր անձի տրվող հավաստագրով նախատեսված է 3-5 մլն դրամ (մեկ անձի հաշվով)։
Փոխնախարարի կարծիքով` այս գումարը լիովին կարող է բավականացնել բնակարան ձեռք բերելու համար՝ կախված նաև բնակավայրի ընտրությունից։ Ըստ նրա՝ մինչև ծրագիրը գործարկելը որոշակի ուսումնասիրություն է կատարվել անշարժ գույքի շուկայում։
«Մենք յուրաքանչյուր անձի մասով առնվազն 12 քառակուսի մետր բնակմակերես ենք պատկերացնում։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընդամենը 5 քաղաքային բնակավայր կա, որտեղ 200 հազարից բարձր է եղել քառակուսու արժեքը՝ Երևան, Աբովյան, Էջմիածին, Դիլիջան և Ծաղկաձոր։ Մնացյալ բնակավայրերում միջինում 200 հազարից պակաս է եղել քառակուսու արժեքը»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ խոսքը և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկայի մասին է։
Նա նշեց, որ 252 բնակավայրերի համար հավաստագրով նախատեսված է մեկ անձի գծով 5 մլն դրամ գումար, 150 բնակավայրերի համար՝ 4 մլն դրամ, և մոտ 600 բնակավայրերի գծով, որոնց թվում է նաև Երևանը, 3 մլն ՀՀ դրամ։