ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջացառումը հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբեռանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր։
Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են երկկողմ հանդիպումներ։
Այսօր նախատեսված է նաև Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումը։