ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իտալիայի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ի համար երկրի 27 խոշոր քաղաքներից 7-ում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել աֆրիկյան շոգի հերթական ալիքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այդ օրը մարդկանց առողջությանը սպառնացող շոգ կլինի Հռոմում, ինչպես նաև Տրիեստում և Պերուջայում։ Ցուցակում ևս 3 քաղաք կա, որոնք գտնվում են Լացիոյի շրջանում։ Այսօր առողջապահության նախարարությունը սպառնալիքի նարնջագույն մակարդակ է հայտարարել 13 խոշոր բնակավայրում: Հռոմում և Ֆլորենցիայում օդի ջերմաստիճանը կհասնի +37-ից +38-ի։
Եղանակային կայքերի հաղորդմամբ՝ Իտալիայում գրեթե 40 աստիճան ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթ օրը:
Առողջապահության նախարարությունը վատ եղանակը հատուկ տեղեկագրերում նշում է մարդու առողջության համար վտանգի աստիճանը ցույց տվող չորս գույնով: Կարմիրը նշանակում է արտակարգ իրավիճակ, որի դեպքում իրական սպառնալիք է առաջանում ոչ միայն ռիսկի խմբում գտնվող անձանց, այլև «առողջ, ակտիվ մարդկանց» առողջության համար: Ընդ որում` խոսքը այսպես կոչված «տոթի ալիքի» մասին է, որն իր հետ բերում է ոչ միայն բարձր ջերմաստիճան, այլև բարձր խոնավություն, արևի ճառագայթում և սաստիկ տոթ: Դա խեղդող շոգն է, որն ուղեկցվում է կանգնած և շատ խոնավ օդով, որն ավելի սուր է զգացվում գիշերային ժամերին: Ըստ ilmeteo.it կայքի՝ ներկայիս ալիքը կտևի մոտ 10 օր: