Արևմուտքը փորձում է կոտրել Վրաստանի իշխանություններին․ Քեռյան

Եվրամիության և Վրաստանի դրոշները
Վրաստանի վերադարձը Արևմուտքի ազդեցության գոտի վճռորոշ կլինի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի դասավորության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Եթե աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» կարողացավ պահպանել քաղաքական տիրապետությունը, ուրեմն Վրաստանը շարունակելու է հեռանալ Արևմուտքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Իսկ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հաղթանակի դեպքում պաշտոնական Թբիլիսին կփոխի իր արտաքին քաղաքական վեկտորը։
Քեռյանը համոզված է, որ այս պահին երկու կողմերի ուժերը հավասար են։ Նա կարծում է, որ քաղաքական պայքարը Վրաստանում շատ թեժ է լինելու։ Քաղաքագետը ոչ միայն չի բացառում, այլև լրիվ հնարավոր սցենար է համարում, որ Արևմուտքը կփորձի տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ վարկաբեկել «Վրացական երազանք» կուսակցությանը։
«Արևմուտքը համբերատար սպասում էր, որ ինչ-որ պահի Վրաստանը ցույց կտա իր լիարժեք հավատարմությունն արևմտյան ռազմաքաղաքական և ինտեգրացիոն կառույցներին, Վրաստանին ցուցաբերվում էր արևմտյան բազմակողմանի աջակցություն և՛ պետական կառույցների վերակառուցման, և՛ ուժային կառույցների վերափոխումների, և՛ այլ բնագավառներում՝ փորձելով վերջնականապես Վրաստանին պոկել ռուսական ազդեցության գոտուց»,- ասաց Քեռյանը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքն իր «պատժիչ գործողություններով» հիմա ձգտում է կոտրել Վրաստանի իշխանություններին, սակայն մինչև 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչինչ չի ստացվի։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը և սառեցրել տրամադրվող ֆինանսական օգնության մի մասը (30 մլն եվրո): Այս որոշումը եվրոպացի առաջնորդները հիմնավորել են նրանով, որ Վրաստանը հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Պաշտոնական Թբիլիսին արդեն հայտարարել է, որ միկրո մակարդակով ընդունված այս որոշումը չի կարող խանգարել երկրի եվրոպական ինտեգրման ձգտմանը:
Ըստ Քեռյանի` Վրաստանի հեռացումն արևմտյան կառույցներից և ինտեգրացիոն քաղաքականությունից սկսվեց ուկրաինական պատերազմից հետո։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Վրաստանից պահանջում էր միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն վրացական իշխանությունները որոշումներ կայացրին՝ առաջնորդվելով երկրի ազգային շահերով։ Նրանց կարգախոսն էր՝ «Վրաստանը չի կարող լինել երկրորդ Ուկրաինա»։
«Որպեսզի Արևմուտքը կաշառի վրացական քաղաքական էլիտային, անցյալ տարի հապճեպորեն հայտարարեց, թե Վրաստանը ստանում է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այնինչ Վրաստանի ժողովուրդը 2003թ․-ից սպասում էր և՛ ԵՄ–ի, և՛ ՆԱՏՕ-ի անդամակցությանը»,- ասաց Քեռյանը։
Նրա խոսքով՝ գրեթե 20 տարի ոչինչ չանելուց հետո այսպիսի հապճեպ քայլեր արվեցին Վրաստանին, այսպես ասած, հետ բերելու համար։
Քաղաքագետը մատնանշեց նաև վերջերս Բաքվի և Պեկինի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը։ Ըստ նրա՝ սա ակնհայտորեն ցույց տվեց, որ Ադրբեջանը գնալով ավելի է ինտեգրվում Արևելյան գոտում (Չինաստան, Ռուսաստան, Իրան)։
«Եթե Վրաստանն ու Ադրբեջանը կտրվում են Արևմուտքի ազդեցության գոտուց, Հայաստանը մնում է մի փոքրիկ օազիս, որը Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո կարող է վերջնականապես հայտնվել այլ քաղաքական իրավիճակում և փոխել այս պահին դեպի Արևմուտք ուղղված իր արտաքին քաղաքական վեկտորը»,- ասաց Քեռյանը:
Քանի որ եթե Արևմուտքը կարողանա վերադարձնել իր ազդեցությունը Թբիլիսիի նկատմամբ, Ադրբեջանի հարցը կլուծվի Թուրքիայի միջոցով։ Քեռյանն ընդգծեց, որ Վրաստանի վերադարձը Արևմուտքի ազդեցության գոտի վճռորոշ կլինի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի դասավորության համար։
Չի խանգարի Վրաստանի ձգտմանը․ ԱԳՆ-ն՝ ԵՄ-ի 30 մլն եվրոյի սառեցման մասին