ՊՆ պաշտոնյաները 50 000 դոլար կաշառք են վերցրել բանակից ազատելու համար. 4–ը կալանավորվել են

ՊՆ
Մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության 9 պաշտոնատար անձինք զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար 50 000 դոլար կաշառք են վերցրել։ Նրանցից 4–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Պարզվել է, որ զինծառայողների հարազատներից պահանջել և խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Ա. Վ.–ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.–ն և նախարարության այլ պաշտոնատար անձինք։
Նրանք կաշառք են ստացել մասնավորապես ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար, մեկ այլ զինծառայողի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, մեկ ուրիշի դեպքում` սահմանափակ պիտանի ճանաչելու և այդ հիմքով վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը մինչև հաջորդ զորակոչ հետաձգելու համար և այլն:
Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանքներ են ներկայացվել ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին և կաշառք տալուն օժանդակելու համար ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.–ին և Ս. Հ.–ին։
Նշված 9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը 1.7 մլն դրամ կաշառք է վերցրել. նյութերը դատարանում են