ՀՀ–ն «հակառուսական ստրիպտիզի» հաշվին ուզում է դիվիդենտ ստանալ Արևմուտքից. քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց
Հայաստանը Արևմուտքի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ չունի, և, վերլուծաբանի խոսքով, խնդիր է դրված հակառուսական քայլերի հաշվին դուր գալ Արևմուտքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները ցանկանում են «հակառուսական ստրիպտիզի» հաշվին անձնական դիվիդենտներ ստանալ Արևմուտքից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ամերիկացի խորհրդարանականների հայաստանյան այցը։
Հուլիսի 2–ին Հայաստան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը` սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ: Ազգային ժողովում կայացած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ կոնգրեսականները ճեպազրույց տվեցին և զգուշացրին «ռուսական արջի» վտանգի մասին:
Սուրենյանցի խոսքով` սպասվում էր, որ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ կողմերը կխոսեն Երևանի և Վաշինգտոնի միջև համագործակցության տարբեր ասպեկտների մասին:
«Մենք տեսանք, որ Հայաստան ժամանած ամերիկացի գործընկերները շեշտը դրեցին Երևանից հակառուսական հայտարարություններ անելու և Ադրբեջանին հակառուսական գիծ բռնելու կոչ անելու վրա։ Հայտարարություններ եղան նաև Իրանի վերաբերյալ Դա երկու բանի մասին է խոսում»,– ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով` Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան փոքր է, որ արտաքին գործընկերները նման արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում։
Երկրորդն էլ այն է, որ Հայաստանի գործող իշխանությունների արևմտյան քաղաքականության հիմքում բացառապես հակառուսականությունն է, այլ օրակարգ չի էլ դրվել։
«Մերոնք որոշել են «հակառուսական ստրիպտիզի» հաշվին Բրյուսելից և Վաշինգտոնից դիվիդենտներ ստանալ։ Բայց այդ դեպքում դիվիդենտը ստանալու է ոչ թե երկիրը, այլ կոնկրետ իշխանությունը։ Մենք Արևմուտքի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ չունենք, մենք ունենք հակառուսականության հաշվին Արևմուտքին դուր գալու խնդիր։ Սա կարող է Հայաստանի համար կործանարար լինել»,– ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով` իշխանությունները մշտապես խոսում են եվրաինտեգրման մասին, նրանց սատելիտ կուսակցություններից 4–ը ցանկանում են ԵՄ–ին անդամակցելու հանրաքվե նախաձեռնել, ընդ որում` կատարվել է Հայաստան–ԵՄ 2017 թ. համաձայնագրի միայն 40-45 տոկոսը։
Հիշեցնենք` Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի այն հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։