ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի պաշտոնական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բադալյանը երեկ տեղեկացրել էր, որ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Նույն գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Վաշինգոտն է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը։
«Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա»,- ասաց Բադալյանը:
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 28-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել։ Նա նշել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):